ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կորցրե՞ց Սի Ձինպինը Երկնային մանդատը

Կորցրե՞ց Սի Ձինպինը Երկնային մանդատը
12.02.2020 | 12:45

Փետրվարի 10-ին Սի Ձինպինը դիմակ հագավ ու, ինչպես իր հայրենակիցների մեծ մասը, վերջապես գնաց հիվանդներին տեսության: Չինաստանի նախագահից 5 շաբաթ պահանջվեց, որ կարեկցանք դրսևորի կորոնավիրուսից մահացածներին ու տեղում բուժաշխատողներին կոչ անի կանխել համաճարակը, որ տարեսկզբից կաթվածահար է արել երկիրը: Բայց այդ մարդը չի վախենում հանրությանը երևալ Ժողովրդադեմոկրատական բանակի մեծ տոներին՝ գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: 2012-ին պաշտոնակալությունից հետո Սի Ձինպինը շարունակել է ամրապնդել իր անձնական իշխանությունը և ժողովրդի վերահսկողությունը Կոմունիստական կուսակցության կողմից: Վերադարձը յուրատեսակ մաոյական ավտորիտարիզմին խնդիր չէր, քանի դեռ Պեկինը վայելում էր «մետքասի նոր ճանապարհների» տնտեսական ու աշխարհաքաղաքական հաջողությունները: Այս համաճարակի սոցիալական հետևանքները կարող են ամեն ինչ փոխել: Դոկտոր Լի Վենլյանի տառապանքը խորապես ցնցեց չինացիներին ու ստիպեց կասկածել կոմունիստական ավտորիտար համակարգի ճշմարտացիությանը: Որ Ուհանի հիվանդանոցի երիտասարդ բժիշկը,՝ գտնվելով համաճարակի կենտրոնում, ոստիկանության հալածանքներին էր ենթարկվել, որովհետև անհրաժեշտ էր համարել նախազգուշացնել գործընկերներին նոր վարակի վտանգավորության մասին, որ կոմունիստական իշխանություններին հատուկ «սոցիալական կայունության» նկատառումները գերակայեցին գիտության ու բնակչության պաշտպանության վրա, Չինաստանում արդեն չեն կարողանում ընդունել ու հասկանալ:


21-րդ դարասկզբին դոկտոր Լի Վենլյանը դարձավ նույնպիսի համախմբող սրբապատկեր, ինչպես կապիտան Ալֆրեդ Դրեյֆուստ 19-րդ դարավերջի Ֆրանսիայում: Հանրահայտ չինացի 9 ինտելեկտուալներ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովին (որ ամեն տարի սովորաբար հավաքվում է մարտին), նամակ են ուղարկել խնդրելով հիշել խոսքի ազատության մասին, որ ամրագրված է Չինաստանի Սահմանադրության 35 և 51 հոդվածներում, պահանջելու, որ իշխանությունները հարգեն խոսքի ազատությունը, և փետրվարի 6-ը (դոկտոր Լիի մահվան օրը) դարձնեն «Խոսքի ազատության օր»: Չինական սոցիալական ցանցերը եռում էին զայրույթից: Ինտերնետ-ոստիկանությունը այլևս չի կարողանում հակադարձել, որովհետև չինացի օգտատերերը չափազանց հնարամիտ են գրաքննությունը շրջանցելու իրենց կարողության մեջ: Չինացիները փողոց դուրս չեն գալիս, բայց նրանք զանգվածաբար բողոքում են՝ զինված համակարգիչներով ու սմարթֆոններով: Նրանք այլևս չեն ցանկանում հանդուրժել ճշմարտության ճնշումը: Մի՞թե Սի Ձինպինը կորցրել է Երկնային մանդատը՝ ավելի ու ավելի շատ չինացիներ են այս հարցը իրենց տալիս: Երկնային մանդատը հայեցակարգ է, որ ի հայտ եկել Չժոու դինաստիայի օրոք (մ.թ.ա. 1122- 256.) և օգտագործվել է իբրև Չինաստանի կայսրերի իշխանության լեգիտիմացման աղբյուր: Հայեցակարգը հիմնված է հավանության վրա, որ երկինքը տալիս է իմաստուն ու առաքինի կառավարիչներին, և որը դադարում է, երբ նրանք սկսում են վատ կառավարել կամ կոռումպացվում են:


Վերջերս իշխանության կուտակումը Սի Ձինպինի ձեռքում այդքան էլ չօգնեց նրան՝ Հոնկոնգի բնակիչներին վախեցնելը չաշխատեց, Թայվանի ընտրարշավին միջամտությունը հակաարդյունավետ էր, ԱՄՆ-ին առևտրական դիմակայության մեջ չհաղթեց; Պատրա՞ստ է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հանուն իր ապագայի փրկության՝ զիջումների գնալ: Կպարտավորեցնի՞ Սի Ձինպինին վերադառնալ իշխանության կոլեգիալ իրականացման: Կնպաստի՞ ապակենտրոնացմանը՝ հիմնված ռեալ իրավակարգի վրա: Կկիրառի՞ նա վերջապես Սահմանադրությամբ նախատեսված մարդու ու քաղաքացու իրավունքները: Թե՞ հակառակը, մենք ականատես կդառնանք ռեժիմի խստացման, երբ ավարտվի համաճարակին առնչվող մարտական պատրաստականության վիճակը: Սի Ձինպինը հիմա վճռորոշ ընտրության առաջ է: Որքա՞ն երկար կարող է վերապրել վարչակարգը՝ կորցնելով ժողովրդի անկեղծ աջակցությունը: Ռուսաստանում լենինիզմը համարյա 60 տարի ավելի ապրեց իր սպանած ժողովրդավարությունից:
Ռենո Ժիրար, Le Figaro


Հ.Գ. Չինաստանում երեկ կորոնավիրուսից 100 մարդ է մահացել, որ մինչ այժմ 24 ժամում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Արդեն 1000 մարդու կյանք է խլել վարակը, վարակված են 42 000: Ամբողջ Չինաստանից 20 000 բժիշկ է եկել Հուբեյի նահանգ կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարելու համար՝ տեղեկացրել է ՉԺՀ-ի Պետխորհուրդը: Պեկինում գտնում են, որ համաճարակը գագաթնակետին կհասնի փետրվարի վերջին ու կսկսի նահանջել: Ոչ ոք չգիտի՝ դեռ ինչքան հիվանդներ հրաժեշտ կտան կյանքին ու քանիսը կփրկվեն: Մարդկային կորուստները դեռ մի քանի տասնամյակ հետապնդելու են Սի Ձինպինի իշխանությանը: Բայց կան և այլ խնդիրներ՝ ոչ մի առևտրային պատերազմ այդքան մեծ հարված չէր հասցրել Չինաստանին, որքան կորոնավիրուսի պատճառով կազմալուծված տնտեսությունը: Դեռ որքա՞ն ժամանակ է պետք տնտեսության վերականգնման համար, հաշվարկները երևի արվում են: Ակնհայտ է, որ տնտեսական դանդաղած աճը ավելի է դանդաղելու: Հոգեբանական, սոցիալ-տնտեսական դրդապատճառները կխստացնե՞ն, թե՞ կվերականգնեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները Ընդլուսնյայում: Հարցը միայն Սի Ձինպինի լուծելիքը չէ: Համակարգը կարող է նրան փոփոխությունների հնարավորություն չտալ, եթե համարի, որ վտանգվելու է իր գոյությունը: Իսկ թույլ իշխանությունը Չինաստանում շատ ավելի վտանգավոր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ